Ինչպես Ուելսի, Լատվիայի դեմ խաղը ևս բարդ է լինելու, բավականին ուժեղ թիմ է, ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Լատվիա հանդիպմանն ընդառաջ՝ այսօր՝ հունիսի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ևս նշել է վաղը սպասվելիք ծանր խաղի մասին։ Մարզիչը շեշտել է, որ, ամեն դեպքում, իրեն հաջողվել է Հայաստանի հավաքականի մարզիկներին տրամադրել սպասվելիք խաղին։
«Թիմը, ի տարբերություն սկզբնական փուլի, հիմա շատ ուշադիր ու կենտրոնացած է։ Տղաներն անում են այն, ինչ ասում եմ»,-ասել է մարզիչը։
Նա հայտարարել է, որ Կամո Հովհաննիսյանը վնասվածքի պատճառով լքել է հավաքականը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ թիմում մեծ ռոտացիա իրականացնելու պլաններ չունի։
Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին «Քարդիֆ Սիթի» մարզադաշտում ՈւԵՖԱ-ի Եվրո-2024-ի ընտրական խաղում հաղթել է Ուելսին: Հայաստանի հավաքականի կազմում դուբլերի հեղինակ են դարձել Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը:
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 19-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։