Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է ազգային թիմի կազմում Էդուարդ Սպերցյանի հետ համագործակցության մասին, գրում է championat.com-ը։
«Խաղերի ժամանակ զգում եմ, որ Էդիկի հետ կարողանում եմ լավ շփվել նաև խաղադաշտից դուրս։ Շփվում ենք ֆուտբոլի, մեր խաղերի թեմայով, լավ փոխըմբռնում ունենք խաղադաշտում։ Ես նրան խնդրում եմ, որ նա հաճախ խաղա իմ եզրով և փորձի ինձ հետ համատեղել իր խաղը, մեզ մոտ դա ստացվում է»,- ասել է Տիկնիզյանը։
Նա միևնույն ժամանակ նշել է, որ այլ խաղընկերների հետ շփման հետ կապված խնդիրներ չունի։
«Ես և Էդիկը մեծ ծավալի աշխատանք ենք կատարում, և ամբողջ թիմը նույնպես կատարում է այն ծավալը, որն անհրաժեշտ է արդյունքի համար։ Բայց եթե հնարավորինս անկեղծ լինեմ, ես հավաքականում Էդիկին ավելի լավ եմ հասկանում, քան մյուսներին։ Սպերցյանը շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, նա դեռ կմարզվի և շատ ավելի ուժեղ կլինի»,- ասել է Տիկնիզյանը։