Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով մուայթայի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Խաչիկյանը քառորդ եզրափակչի իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Լեոն Բալբաչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ուժերը կչափի բելգիացի մարզիկի հետ:
Այս մարզաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Լյուսի Տեր-Դավթյանը, Գոռ Սարգսյանը և Արմեն Գրիգորյանը, պարտություններ են կրել և լքել պայքարը:
Հայ բռնցքամարտիկներից պայքարի են դուրս եկել Գուրգեն Մադոյանը, Դավիթ Չալոյանն ու Անի Հովսեփյանը: Մադոյանը 71 կգ քաշայինների 1/16 եզրափակչում մենամարտել է Մոնտենեգրոն ներկայացնող Շտեֆան Սավկովիչի հետ և վստահ հաղթանակ է տարել՝ 5-0 հաշվով:
Տպավորիչ հաղթանակով է մեկնարկել նաև աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը. 1/16 եզրափակչում 25-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը մենամարտել է Սերբիան ներկայացնող Վլադան Բաբիչի հետ և երեք ռաունդներում ունենալով բացարձակ առավելություն` հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Անի Հովսեփյանը ցավալի պարտություն է կրել մեկնարկում: 1/16 եզրափակչում նա մենամարտել է EOC փախստականների թիմը ներկայացնող, 24-ամյա Ջանկեու Նբամբայի հետ և մրցավարների որոշմամբ զիջել 0-5 հաշվով:
Հայ բռնցքամարտիկներից երեկ ռինգ է դուրս եկել նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը՝ իր երկրորդ մենամարտն անցկացնելով Եվրոպական ամառային երրորդ խաղերում: Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում ուժերը չափել է հունգարացի Ռիչարդ Կովադսի հետ և ծանր մենամարտում զիջել 1-4 հաշվով:
Եվրոպական ամառային երրորդ խաղերում ելույթները շարունակում են նաև ջրացատկորդները: Երեկ կայացել են տղաների սինքրոն 10 մ. աշտարակացատկի մրցումները, որտեղ Հայաստանը ներկայացրել է Վլադիմիր Հարությունյան-Մարատ Գրիգորյան երկյակը: Հայ ջրացատկորդները 306.42 միավորով զբաղեցրել են վերջին՝ 7-րդ հորիզոնականը: Չեմպիոնի կոչումը նվաճել են Ուկրաինայի ներկայացուցիչները, երկրորդ տեղում՝ իտալացի, իսկ երրորդ տեղում բրիտանացի մարզիկներն են: