Հունահռոմեական ոճի ըմբիշ, 82 կգ քաշային Ռուբեն Գևորգյանը բաց կթողնի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը՝ Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատան աշխատելաոճի հետևանքով, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ֆեդերացիան մանրամասնում է, որ Հայաստանի հավաքականները վիզայի դիմում են ներկայացրել ՀՀ-ում գործող Իսպանիայի վիզաների կենտրոն (BLS) մայիսի 18-ին, հավաքականների բոլոր մարզիկների և մարզիչների անձնագրերը ժամանակին հասել են Երևան` բացառությամբ Ռուբեն Գևորգյանի անձնագրի:
«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հնարավոր ամեն ինչ արել է` կապ հաստատելու Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատուն` ներկայացնելով մրցման կարևորությունը, սակայն ապարդյուն: Գևորգյանի անձնագիրը մինչև օրս դեռ Հայաստանում չէ: ՀԸՖ-ն դիմել է նաև ՀՀ-ում եղած բոլոր պատկան կառույցներին, սակայն այն փաստը, որ դեսպանատունը ՌԴ-ում է, ոչ թե՝ ՀՀ-ում, օգնել ոչնչով չեն կարողացել»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է նաև, որ սա առաջին դեպքը չէ. 2022 թվականին նույն իրավիճակում էր հունահռոմեական ոճի ըմբիշ Գագիկ Հակոբյանը: Ֆիլմի սցենար հիշեցնող իրադարձություններով Հակոբյանը վերջին վայրկյաններին հենց օդանավակայանում է ստացել անձնագիրը և մեկնել, սակայն թիմից առանձին:
«Նույնը եղավ, այս տարի: Դիմել էինք նույն դեսպանատուն և կից նամակ գրել, որ մարզիկները պատրաստվում են մեկնել այլ երկիր հավաքների և անձնագրերը մեզ անհրաժեշտ են հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ապարդյուն»,- նշում է ֆեդերացիան:
Արդյունքում՝ ֆեդերացիան մեծ տուգանքներ է վճարել, տոմսեր փոխել: Ֆինանսական մեծ կորուստներից զատ՝ ավելի կարևոր է մարզիկի բարոյահոգեբանական վիճակը։
«Նրանից սպասելիքներն ավելի քան մեդալային էին: Մարզիկը միշտ չէ, որ կարող է հնարավորություն ունենալ մասնակցելու նման կարևոր առաջնության:
Այս խնդիրն անհապաղ լուծում է պահանջում»,- հայտնում է ֆեդերացիան:
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը տեղի կունենա հունիսի 26-ից հուլիսի 2-ն Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում։ Ավելի վաղ ներկայացրել էինք Հայաստանի հավաքականների կազմերնյ այս ստուգատեսում։