Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։ «United World Wrestling» կայքի տվյալների համաձայն ՀՀ հավաքականն առաջնությունում հավաքել է 125 միավոր։
Հայաստանի ներկայացուցիչ՝ ըմբիշ Կնյազ Իբոյանը դարձել է առաջնության չեմպիոն:
«Եզրափակչում Կնյազ Իբոյանը (92 կգ) 3։2 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Մուհամմեդ Գիմրիին և նվաճել ոսկե մեդալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ ևս 3 ներկայացուցիչներ՝ Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) դարձել են առաջնության արծաթե մեդալակիրներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հուլիսի 1-ի մրցումներում հայ ըմբիշները նվաճել են 2 բրոնզե մեդալ։
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը անց է կացվել Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում՝ հունիսի 26-ից՝ հուլիսի 2-ը։