ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ սեպտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը վերսկսվել է, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Այժմ tickets.ffa.am-ն անցել է իր բնականոն աշխատանքին: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար կայքը ծանրաբեռնվածության դեպքում կծանուցի օգտատերերին, որ տվյալ պահին հնարավոր չէ գնում կատարել և պետք է սպասել մինչև որոշ օգտատերեր կատարեն գործարքը և դուրս գան կայքից»,- ասված է հայտարարությունում:
Ֆեդերացիան երկրպագուներին շնորհակալություն է հայտնում ըմբռնումով մոտենալու համար ու նաև տեղեկացնում, որ տոմսերը կարող են ձեռք բերել նաև Idram&IDBank հավելվածի միջոցով։
Ավելի վաղ ՀՖՖ-ն տեղեկացրել էր, որ տոմսեր ձեռք բերել ցանկացողների ահռելի մեծ քանակով պայմանավորված՝ ՀՖՖ տոմսերի վաճառքի պաշտոնական կայքը դադարեցրել էր իր գործունեությունը. կայքում միաժամանակ մոտ 5000 օգտատիրոջ գտնվելը և տոմս ձեռք բերելու փորձերը հանգեցրել էին կայքի խափանմանը։