Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը Փարիզում ընթացող Պարաաթլետիկայի աշխարհի առաջնությունում Փարիզի 2024թ. Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
«Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը Փարիզում ընթացող Պարաաթլետիկայի աշխարհի առաջնությունում հանդես գալով գնդի հրում վարժության F54-F55 դասակարգման խմբում՝ 9.78 սմ. արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականն ու Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի ուղեգիր ապահովել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սարգիս Ստեփանյանն, ամփոփելով իր մրցելույթները, հավաստիացրել է, որ սա դեռ սկիզբն է և Պարալիմպիկ խաղերում ամեն ինչ անելու է՝ մեդալ նվաճելուն մոտենալու համար:
«Առաջին երեք մոտեցումներիս լավ հանդես չեկա. 9.17, 9.38 և 9.35 հրեցի գունդը: Արդեն մտահոգվում էի, նաև այդ օրը մի քիչ գլխացավ ունեի, մտածեցի՝ նաև դա է պատճառը: Մեզ ոգևորելու էր եկել նաև Ռոբերտ Էմմիյանը՝ ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը: Մինչ այդ ասել էր՝ «Սարգիս ջան, քո անունը վանկարկելու եմ, բղավելու եմ, պետք է հաղթահարես ուղեգրի համար նվազագույն ցուցանիշը»: Բարձր, զրնգուն ձայնով կանչեց, ոգևորությունս բարձրացավ: Ու վերջին 3 մոտեցումներում գրանցեցի 9.74, 9.76 և 9.78 գրանցեցի: Չեխիայի միջազգային մրցաշարում 9.65 էի հրել, բայց դա վարկանիշ ապահովող մրցում չէր: Փաստորեն, մոտ 15-20 օր անց թարմացրի արդյունքս, բայց սա դեռ սկիզբն է: Ամեն ինչ անելու եմ, որ մինչև Պարալիմպիկ խաղերը շատ մեծ տարբերությամբ արդյունք ունենամ այս նվազագույնից: Այսինքն, պետք է մոտենանք մեդալին: Ամեն ինչ անելու եմ, որովհետև պետք է: Պետք է երկիրը պատվով ներկայացնել»,- մարզիկի խոսքերն է մեջբերում ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանի պարա աթլետիկայի հավաքական թիմը մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի աշխարհի 2023 թվականի առաջնությանը։