Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը լիարժեք պայմանագիր կկնքի «Լացիո»-ի հետ, հայտնում է Match TV-ն։ Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 15 մլն եվրո։
Այս գումարի մեծ մասը կազմում է խաղացողի իրավունքների արժեքը, իսկ մնացածը «Դինամոն» կստանա որպես բոնուս: Բացի այդ, ռուսական ակումբը կպահպանի շահույթի տոկոսը հետագայում խաղացողի այլ ակումբի վաճառքից, պարզաբանում է Match TV-ն։
Ապրիլին Զախարյանը պատմել էր, թե ինչքան գումար ունի մեկ ամիս ապրելու համար։ «Չկա որոշակի գումար, որն անհրաժեշտ է մեկ ամսվա ապրուստին։ Ինչ-որ բան ընտանիքի համար, ինչ-որ բան ինչ-որ տեղ ծախսում կամ խնայում ես: Կոնկրետ գումար չկա։ Երբ փող կա, ծախսերն ավելի շատ են։ Կարծում եմ, որ դա լավ է: Հարյուր հազարը քիչ է արդեն․ հիփոթեք»,- ասել է ֆուտբոլիստը Sport Express-ին տված հարցազրույցում։
Զախարյանը «Դինամոյի» շրջանավարտ է։ Ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 84 հանդիպում, դարձել 17 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Դինամոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: