Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունում հայ շախմատիստները հաղթել են Ավստրիայի և Հունգարիայի թիմերին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Առաջին խաղափուլում հայ պատանիները 3.5:0.5 հաշվով առավելության են հասել Ավստրիայի թիմի նկատմամբ: Հաղթանակներ են գրանցել Էրիկ Չաքրյանը, Արսեն Դավթյանը և Ալեքս Սահակյանը: Ռոբերտ Փիլիպոսյանը խաղն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:
Երկրորդ խաղափուլում հայ պատանիները 2.5:1.5 հաշվով հաղթել են Հունգարիայի թիմին: Թիմին հաղթական միավոր է բերել Ռոբերտ Փիլիպոսյանը: Մյուս 3 շախմատիստները՝ Էմին Օհանյանը, Էրիկ Չաքրյանը և Արսեն Դավթյանը, կեսական միավոր են վաստակել:
Երրորդ խաղափուլում Հայաստանը կմրցի Իսրայելի թիմի հետ: Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունն անցկացվում է հուլիսի 24-30-ը՝ Ռումինիայի Յասի քաղաքում։ Հայաստանը ներկայացնում են Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Էրիկ Չաքրյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը: Հայաստանի թիմը մասնակից 14 թիմերի մեջ ունի 2-րդ վարկանիշը՝ զիջելով միայն Իսրայելին: