Ռումինիայի Պլոեշտ քաղաքում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնությանը մասնակցող հայ բռնցքամարտիկներից 4-ը այսօր դուրս են եկել եզրափակիչ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական էջը։
Հայաստանի թիմից այսօր եզրափակչի ուղեգրեր են նվաճել 48 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը, ով հաղթել է ռումինացի մրցակցին 5-0 հաշվով, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը (հաղթել է բուլղարացի մրցակցին), 52 կգ քաշային Արեն Խառատյանը (հաղթել է գերմանացի մրցակցին) և 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը (հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին)։
Եվրոպայի Բռնցքամարտի պատանեկան առաջնությունը անցկացվում է Ռումինիայի Պլոեշտ քաղաքում հուլիսի 19-ից 31-ը։