Ռումինիայի Պլոեշտ քաղաքում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնությանը հայ 9 բռնցքամարտիկներ դուրս են եկել եզրափակիչ, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
«Գերհզոր հավաքական։ Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 9 բռնցքամարտիկները եզրափակիչում են։ Վերջին ուղեգիրը նվաճեց 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։ Մեր բռնցքամարտիկը տակտիկապես գրագետ մենամարտ վարելով` հաղթեց ուկրաինացի Վիտալի Մոլչանովին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի թիմից այսօր եզրափակչի ուղեգրեր են նվաճել 48 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը, ով հաղթել է ռումինացի մրցակցին 5-0 հաշվով, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը (հաղթել է բուլղարացի մրցակցին), 52 կգ քաշային Արեն Խառատյանը (հաղթել է գերմանացի մրցակցին) և 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը (հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին)։