Կյանքի 94-րդ տարում մահացել է բոլոր ժամանակների մեծագույն հայ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը, հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
«Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ: Պատիվ և երջանկություն էր լինել ՔՈ ժամանակակիցը, հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՜ վարպետ»,-գրել է Վանոյանը։
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին՝ Գանձակում, արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։
1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա։ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։
1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո հանդես է եկել Կուբայում։
1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից, և դարձել բացարձակ չեմպիոն։ 1964 թվականին ավարտել է մարզական գործունեությունը՝ անցնելով աշխատանքի Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում որպես տնօրեն։ 1964-2000 թվականներին եղել է Օլիմպիական խաղերի պատվավոր հյուր։
Երևանի քաղաքապետարանի ՕՀ մարմնամարզության մարզադպրոցն անվանակոչվել է Ալբերտ Ազարյանի անվամբ։