Պատրաստ են Թուրքիայի հավաքականի հետ խաղին, Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, փոխանցում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Կարծում եմ՝ շատ կարևոր խաղ է մեզ սպասվում: Եթե Թուրքիայի հավաքականը կարողանա հաղթել, ապա 90 տոկոսով կլուծի Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալու հարցը: Իսկ այդ պարագայում մենք կբարդացնենք մեր խնդիրը»,- ասել է մարզիչը:
Ալեքսանդր Պետրակովը նշել է, որ խաղի ծրագրի կամ տակտիկական սխեմայի վերաբերյալ ոչինչ չի ասի: Անդրադառնալով Տիգրան Բարսեղյանի վնասվածքին՝ Պետրակովը նշել է, որ դա շատ մեծ բացասական ազդեցություն չի թողնի խաղի վրա։
«Մենք միմյանց հետ խոսեցինք, շատ լավ բաժանվեցինք: Ես խնդրեցի նրան գնալ և բուժվել: Բարեբախտաբար, հարձակման գծում ունենք խաղացողներ, որոնք կկարողանան փոխարինել Բարսեղյանին»,- նշել է նա:
Պետրակովի կարծիքով՝ Թուրքիայի հավաքականում շատ լավ խաղացողներ կան և առանձնացրել է Չենգիզ Ունդերին և Հական Չալհանօղլուին:
Հանդիպման մասին կարծիք է հայտնել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Այս պահին մենք մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում ենք: Այս խաղը կարևոր է նաև մրցաշարային աղյուսակի տեսանկյունից: Կարող եմ ասել, որ մեզ մնացել է 5 խաղ, և յուրաքանչյուր խաղը եզրափակչի նման է: Եկեք սպասենք խմբային մրցաշարի վերջին և տեսնենք՝ ինչպես կստացվի: Ընդհանրապես, ֆուտբոլիստները միշտ սիրում են խաղալ լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Հուսով ենք, որ այն փաստը, որ մարզադաշտը լի է լինելու երկրպագուներով, մեզ վրա մեծ ազդեցություն չի թողնի: Մենք ունենք խաղի մեր պլանը և կփորձենք խաղալ հենց մեր ֆուտբոլը»,- ընդգծել է ֆուտբոլիստը:
Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն սկսել է նախապատրաստվել «Եվրո-2024»-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի և Խորվաթիայի հետ հանդիպումներին։ Օգոստոսի 24-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել էր այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են մասնակցելու այս հանդիպումներին։
Armenia Today-ը հայտնել էր նաև, թե ովքեր կսպասարկեն Թուրքիա-Հայաստան հանդիպումը։ Հիշեցնենք, որ մարտի 25-ին հավաքականների միջև Երևանում կայացած խաղում Թուրքիայի հավաքականը հաղթել էր 2։1 հաշվով։