Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ընթացող ծանրամարտի աշխարհի 2023 թվականի առաջնությանը Հայաստանը ներկայացնող մարզիկներ Անդրանիկ Կարապետյանը և Ռաֆիկ Հարությունյանը մեդալներ են նվաճել, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Սեպտեմբերի 11-ին 81 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի գործող չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում գլխավերևում պահելով 162 կգ ծանրաձողը՝ արժանացել է այս վարժության փոքր բրոնզե մեդալին: Հրում վարժությունում, սակայն, Հարությունյանը չի կարողացել բարձրացնել 192 կգ ծանրաձողն ու զրո է ստացել: Երրորդ մոտեցման ժամանակ հայ ծանրորդը կարողացել է ֆիքսել քաշը, բայց մրցավարները նրա մոտեցումը չեն արձանագրել: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել Իտալիայի ներկայացուցիչ Օսկար Ռեյեսը՝ երկամարտում ցույց տալով 356 կգ արդյունք (163+193 կգ):
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 377 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը (175 + 202 կգ): Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 175 կգ կշռող ծանրաձողը՝ Կարապետյանն արժանացել է այս վարժության փոքր ոսկե մեդալին: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ալիբադի Ջավադին՝ երկամարտի 384 կգ արդյունքով (169+215 կգ):
ԿԳՄՍ-ից հիշեցնում են, որ Հայաստանի հավաքականի կազմում երկամարտի դեռևս միակ մեդալն ապահովել է 67 կգ քաշային Գոռ Սահակյանը՝ 312 կգ (142+170) արդյունքով դառնալով մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում:
Սեպտեմբերի 4-ին հայտնել էինք, որ Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կմասնացեն աշխարհի 88-րդ առաջնությանը, որը վարկանշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։