«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է դատի տալ «Յուվենթուսին» աշխատավարձի պարտքի պատճառով: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ռոնալդուն գաղտնի համաձայնագիր ուներ «Յուվենթուսի» հետ, որը թուրինյան ակումբին թույլ էր տվել հետաձգել աշխատավարձերը Covid-19 համաճարակի ժամանակ: Իտալացիները պետք է Ռոնալդուին փոխանցեն ևս 19,9 միլիոն եվրո, այս վճարումը խոստացվել էր փոխանցել, եթե պորտուգալացին հեռանար ակումբից։
Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» խաղացող է դարձել 2023 թվականի հունվարի 2-ին, ակումբի հետ պայմանագրով նա տարեկան կստանա 200 միլիոն եվրո։ Հաղորդվել է նաև պորտուգալացու և նրա ընտանիքի հավելյալ բոնուսների մասին:
Օգոստոսի 12-ին Արաբական Չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Ալ-Նասրը» հաղթել էր Ալ-Հիլալին։ Ռոնալդուն դուբլի հեղինակ էր դարձել՝ նվաճելով իր առաջին գավաթը «Ալ-Նասրի» կազմում։ Ընդհանուր առմամբ, Ռոնալդուն ակումբային մակարդակում ունի 30 գավաթ:
Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ալ-Նասրը» 9 միավորով զբաղեցնում է յոթերորդ տեղը: Եվրոպայում Ռոնալդուն հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», Մադրիդի «Ռեալում», իտալական «Յուվենթուսում» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: