Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը արծաթե մեդալ է նվաճել, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
«Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող վարկանիշային ԱԱ-ում՝ 97 կգ քաշայինների եզրափակչում հավասար պայմաններում վերջին վայրկյաններին զիջելով Կուբան ներկայացնող Գաբրիել Կինդելանին (3:3)։ Ալեքսանյանը դեռ երեկ ապահովել էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիրը՝ 4 տպավորիչ հաղթանակներից հետո դուրս գալով եզրափակիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 0:7 հաշվով պարտվեց իրանցի ըմբիշին Օլիմպիական խաղերի ուղեգրի համար գոտեմարտում:
Աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանն էլ Բելգրադում ևս կպայքարի բրոնզե մեդալի, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ուղեգրի համար։
Սեպտեմբերի 22-ին հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձել էր Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա նաև տեղ էր ապահովել Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: