Հունաստանում կայացած գրեփլինգի աշխարհի առաջնությունում (մերձամարտի տարատեսակ) հայ մարզիկները նվաճել են երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ, հաղորդում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան։
Ֆեդերացիան հայտնում է, որ գրեփլինգի Հայաստանի թիմը Հունաստանի Լուտրակիա քաղաքում հոկտեմբերի 14-15-ը կայացած աշխարհի առաջնության ժամանակ մի շարք մրցանակային տեղեր է նվաճել: Մասնավորապես U15 տարիքային խմբի No-Gi ձևաչափում Հրաչյա Ղազախյանը -59կգ քաշային կարգում հռչակվել է չեմպիոն, իսկ Վանիկ Սարգսյանը` բրոնզե մեդալակիր: Վանիկ Սարգսյանը Gi ձևաչափով նվաճել է նաև չեմպիոնի կոչումը:
Աշխարհի առաջնության No-Gi ձևաչափում վետերանների A խմբի -77կգ քաշային կարգում Սուրեն Խուրդայանը դարձել է փոխչեմպիոն, իսկ Gi ձևաչափում զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը:
Գրեփլինգի Հայաստանի թիմը այսօր վերադարձել է հայրենիք: