Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Սկոպիեում ընկերական հանդիպում անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ և պարտություն կրեց 1։3 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մեր թիմի կազմում՝ հանդիպման վերջին վայրկյաններին, տուգանային հարվածով հեղինակության գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը։ Դաշտի տերերի կազմում մինչ այդ աչքի էին ընկել Տրայկովսկին, Ռիստովսկին և Դաչին։
Ստուգողական հանդիպումները, իհարկե, ուժերը փորձարկելու հնարավորություն են, սակայն նույնիսկ նման հանդիպումների համար մեր թիմի խաղը շատ անատամ էր։ Նոյեմբերյան խաղերում, որոնք վճռական նշանակություն ունեն, այսպիսի գործողությունները, հատկապես՝ պաշտպանությունում, անթույլատրելի են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա։ Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին` Երևանում ընդունելով Ուելսին: Նոյեմբերի 21-ին Հայաստանի ընտրանին արտագնա խաղում ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ: