70-ից ավելի երկրներ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը, Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը՝ նշելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցի առաջնությանը։
«500-ից ավելի մարզիկ, 2500-ից ավելի հյուր կընդունենք Հայաստանում։ Մեր կազմում աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ են ընդգրկված, ունենք լավ մարզիկներ, որոնք լավ են պատրաստ աշխարհի առաջնությանն ու վստահ եմ՝ բարձր կպահեն մեր երկրի պատիվը։ Շատ երկար ենք պատրաստվել այս մրցումներին․ անկասկած՝ արդյունքներ ոնենալու ենք»,- ասել է նա։
Նշվում է, որ նոյեմբերի 9-ից թիմը կսկսի իր մասնակցությունն ԱԱ-ին, առաջին գոտեմարտերը նախատեսված են նոյեմբերի 10-ին։
Գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի խոսքով՝ Երևանում կայանալիք ԱԱ-ի պատասխանատվությունը շատ մեծ է։
«Տղաներին ասել եմ, որ Հայաստանում տարած յուրաքանչյուր հաղթանակ մեզ համար պատիվ է լինելու։ Պարզապես պետք է անենք առավելագույնը։ Միայն ուրախ կլինենք, եթե մեր մարզիկները շատ մեդալներ նվաճեն, բայց ամեն ինչ գորգը ցույց կտա։ Ով պատրաստ լինի, նա էլ կհաղթի։ Լավ պատրաստություն ենք անցել, մեծ աշխատանք ենք տարել, որպեսզի լավ արդյունքներ գրանցենք»,- ասել է մարզիչը։
Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։