Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Կանանց 60 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակչում մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆերանտե Դոնատելայի հետ և հաղթել է 5:0 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Քառորդ եզրափակչում 5:0 հաշվով հաղթանակ է տարել և կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: Նա առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Վալերիա Ստրիժակի նկատմամբ:
Տղաների պայքարում մեկնարկային գոտեմարտերում հաղթանակներ են տարել Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Հենրիխ Ճղրիկյանը (91 կգ):
Մ-22 ԵԱ գործող փոխչեմպիոն, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը մենամարտել է ռումինացի Մարիան Սալիի հետ և հաղթել է 5:0 հաշվով՝ նոկդաունի ենթարկելով մրցակցին։
Երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը մեկնարկում մեծ առավելությամբ պարտության է մատնել հունգարացի Ռոբերտ Շիկին, ընդ որում 3-րդ ռաունդի վերջում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին։
63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը մեկնարկում 5։0 հաշվով առավելության է հասել Ավստրիան ներկայացնող Արսեն Չաբյանի նկատմամբ։
67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, կամային բարձր հատկանիշներ դրսևորելով, հաղթանակի է հասել իռլանդացի Գարեթ Գիֆոռդի նկատմամբ։ Առաջին ռաունդում զիջելով 0։5 հաշվով՝ երկրորդ ու երրորդ ռաունդներում մեր մարզիկը բեկել է մենամարտի ընթացքը: Երրորդ ռաունդում Հարությունյանը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը մեկնարկային մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Միշել Սիմենսի նկատմամբ:
91 կգ քաշայինների պայքարում էլ Հենրիկ Ճղրիկյանը նոկաուտով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Ջումկա Ջաիանի նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը մասնակցում են նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ռինգ դուրս կգան Հայաստանի 8 ներկայացուցիչներ: Հաղթանակների դեպքում՝ նրանք կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ: