Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Գերատեսչությունից նշում են, որ մարզիկը հաղթող է ճանաչվել երկամարտի 305 կգ արդյունքով։
«Պոկում վարժությունում Սահակյանը գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողը և դարձել փոքր ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ 165 կգ արդյունքով»,- հաղորդում են նախարարությունից։
Սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Նախօրեին երիտասարդների ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել էր նաև Ալեքսանդրա Գրիգորյանը:
Այս տարվա սեպտեմբերին Գոռ Սահակյանը բրոնզե մեդալ էր նվաճել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում անցկացված մեծահասակների աշխարհի 88-րդ առաջնությունում։