Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության 6-րդ օրը Հայաստանի մարզկիները 3 մեդալ են նվաճել, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը ռումինացի Նիկոլետա Սկուրտի հետ մրցապայքարում հաղթել է մեծ առավելությամբ․ հայ մարզուհին կիսաեզրափակչում է և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
46 կգ քաշային կարգում Առնո Դարչինյանն Էկվադորը ներկայացնող Ջաիր Բոնիլային հաղթել է 5-0 հաշվով։ Դարչինյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ նույնպես ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Քառորդ եզրափակչում փայլուն հաղթանակ է տարել Տիգրան Հովսեփյանը։ 50 կգ քաշային կարգում պատանիների Եվրոպայի չեմպիոնը պարզապես ոչ մի շանս չի տվել Զիմբաբվեն ներկայացնող Մոյո Քրեյին: Տիգրանը նոկդաունի է ենթարկել մրցակցին․ նա հաղթել է 5-0 հաշվով` դուրս գալով կիսաեզրափակիչ:
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ին, կավարտվի դեկտեմբերի 4-ին։
Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 16 բռնցքամարտիկներ՝ Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) և աղջիկների պայքարում՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը: