Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության 8-րդ օրը Հայաստանի մարզիկները փայլուն ելույթներ են ունեցել, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
48 կգ քաշային կարգում հանդես եկող Հեղինե Պետրոսյանը Թայպեյը ներկայացնող Շեն Սին-էլին հաղթել է տեխնիկական նոկաուտով:
Հայաստանը եզրափակչում ներկայացնող երկրորդ մասնակիցը՝ 46 կգ քաշային Առնո Դարչինյանը, ուզբեկ Աբդուրախմոն Մախմուդջանովին հաղթել է 4-1 հաշվով:
Առնո Դարչինյանը հաղթական էստաֆետը փոխանցել է 52 կգ քաշային Արեն Խառատյանին: Հայ բռնցքամարտիկը Բուլղարիան ներկայացնող Յանկո Մետոդիևին հաղթելո է 5-0 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ: 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը ուզբեկ Ակբար Ահմադովին հաղթել է 4-1 հաշվով և եզրափակչում կպայքարի ոսկու համար:
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ին, կավարտվի դեկտեմբերի 4-ին։
Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 16 բռնցքամարտիկներ՝ Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) և աղջիկների պայքարում՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը: