Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը 5։0 հաշվով հաղթել է ուզբեկ մրցակցին, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
«Պատանիների Աշխարհի առաջնության 70 կգ քաշային կարգում օրվա հաղթական վերջակետը դնում է Սամվել Սիրամարգյանը, ով ամբողջ մենամարտի ընթացքում գերազանցեց ուզբեկ Նորբեկ Աբդուլաևին և հաղթեց 5-0 հաշվով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վաղը ժամը 11։00-ին, Միկա մարզահամալիրում կկայանա պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակիցների կշռման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանը եզրափակիչում ունի 9 մասնակից։
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ին, կավարտվի դեկտեմբերի 4-ին։
Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 16 բռնցքամարտիկներ՝ Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) և աղջիկների պայքարում՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը: