UFC-ն չի ցանկանում ինձ հետ պայմանագիր կնքել, Sport-express-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի խառը մենամարտերի մարտիկ, ACA-ի «Գրան պրի» մրցանակակիր Էդուարդ Վարդանյանը։
Նա UFC (Ultimate Fighting Championship)-ի հետ պայմանագիր կնքելու շանսերը 10 տոկոս է գնահատել։
Վարդանյանը հայտնել է, որ նոյեմբերի սկզբից գտնվում է Լաս Վեգասում։
«Ես այստեղ եմ, պատրաստ եմ դուրս գալ մարտի, բայց չեն ուզում ինձ հետ պայմանագիր կնքել։ Ռուսաստանում իմ ամբողջ անցյալն այստեղ ոչ մի դեր չի խաղում։ Ստորագրման շանսերը գնահատում եմ 10 տոկոս։ Ինձ հետ նույնիսկ նորեկի պայմանագիր չեն ուզում ստորագրել (խոսքը նվազագույն հոնորարով պայմանագրի մասին է-Sport-express)»,-ասել է մարզիկը։
Հոկտեմբերի 28-ին Վարդանյանի գլխավորած «Ազատություն» հասարակական կազմակերպությունը Հայաստանում 7-րդ մարզահրապարակն էր բացել։
Վարդանյանն ավելի վաղ վեց մարզահրապարակներ էր բացել Հայաստանի տարբեր քաղաքներում։ Հունիսի 6-ին Երևանում՝ Կասկադի մոտ, Վարդանյանը բացեց մարզահրապարակ՝ ի պատիվ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողներ Հովիկ Սողոմոնյանի, Մկրտիչ Հարությունյանի, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատի հերոսների։ Հուլիսի 21-ին մարզիկը հայտարարել էր Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 դպրոցում մարզահրապարակի կառուցման մասին։ Օգոստոսի 19-ին Վարդանյանը հայտարարել էր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու կենտրոնական մարզահրապարակի կառուցման մասին։ Նա հայտնել էր նաև, որ Վարդենիսում նախատեսվում է նաև ըմբշամարտի մարզադպրոցի կողքին մարզահրապարակ կառուցել: Օգոստոսի 21-ին Կապան քաղաքում բացել էր վեցերորդ մարզահրապարակը։
MMA-ում 29-ամյա մարզիկն անցկացրել է 29 մենամարտ՝ տարելով 25 հաղթանակ՝ ընդգրկված է Ռուսաստանի լավագույն մարտիկների վարկանիշում։ Վարդանյանը հունիսի 16-ին Սոչիում տարած հաղթանակը նվիրել էր շրջափակված Արցախին։
Դիտեք Armenia Today-ի բացառիկ հարցազրույցը մարտիկի հետ։