Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանը Լեհաստանում անցկացված «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի կանանց 10 մետր ատրճանակ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում գրանցելով 237.6 արդյունք, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն՝ հավելելով, որ Կարապետյանը երկրորդ տեղով էր դուրս եկել եզրափակիչ։
Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանն ավելի վաղ 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դարձել էին նաև արծաթե մեդալակիրներ։
Հայ հրաձիգները նոյեմբերի 17-ից ուսումնամարզական միջազգային հավաքի են մասնակցում Լեհաստանի Բելաստոկ քաղաքում: Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանը թիմում ընդգրկել են ատրճանակավարներ Էմիրա Կարապետյանին, Նարե Գաբրիելյանին, Բենիկ Խլղաթյանին, Զավեն Իգիթյանին, Նորայր Առաքելյանին, Գևորգ Մելքոնյանին, հրացանակիրներ Հրաչիկ Բաբայանին, Սուրեն Քերյանին և Սեդա Գաբրիելյանին։
Նշվում է, որ «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարից հետո Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կմասնակցեն միջազգային մեկ այլ մրցաշարի, որը կմեկնարկի դեկտեմբերի 8-ին:
Հիշեցնենք, որ Էլմիրա Կարապետյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել: