Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, և եթե ճիշտ աշխատենք, կարող ենք այդ ճանապարհը ոչ թե քսան, այլ տասը տարում անցնել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզը՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին:
«Ես միշտ ասել, որ իմ կարիերայի ավարտից հետո ուզում եմ օգնել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Մենք երկար ճանապարհ ունենք, ես ֆոկուս չեմ կարող անել ու երկու տարվա մեջ բոլոր հարցերը լուծել: Ես պատրաստ եմ աշխատել»,- ընդգծեց ֆուտբոլիստը:
Համեմատելով Ազգային հավաքականում իր ընդգրկվածության տարիներն այսօրվա հավաքականի հետ՝ Օզբիլիզը նշեց, որ այն ժամանակ մթնոլորտն այլ էր: Նրա խոսքով՝ հավաքականում շատ խաղացողներ կային Հայաստանից, իսկ հիմա ավելի շատ դրսից են:
«Մեր ամենաուժեղ կողմն այն էր, որ մի մեծ ընտանիք էինք: Հավաքական գալը, նրա կազմում խաղալը մեծ պատիվ պետք է լինի: Բոլոր խաղացողները պետք է խաղան իրենց երկրի, ոչ թե անձնական շահի համար»,- հավելեց նա:
Օզբիլիզը նաև խոսել է հայկական ֆուտբոլի զարգացման մասին՝ նշելով, որ պետք է սկսել մասսայական, երիտասարդական ֆուտբոլի զարգացումից։ Մեկ միլիոնանոց Երևանում ընտրությունը, ըստ նրա, շատ սահմանափակ է. մանկապատանեկան դպրոցներ ունեն միայն «Փյունիկը», «Ուրարտուն» և Ավանի ֆուտբոլի ակադեմիան։
«Մինչդեռ 800 հազար բնակչություն ունեցող Ամստերդամն ունի ավելի քան 60 մանկապատանեկան դպրոց»,- նշեց ՀՖՖ նախագահի թեկնածուն։
Օզբիլիզը նաև կարևորեց Հայաստանում բոլոր տարիքային խմբերի համար կանոնավոր մրցաշարեր անցկացնելու անհրաժեշտությունը։
Նոյեմբերի 22-ին Օզբիլիզը հայտարարել էր կարիերան ավարտելու և ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։