«Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի առաջնություններին, եթե ՀՖՖ գործող ղեկավարը վերընտրվի, հայտարարել է «Փյունիկ» ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը։
«Հնարավորություն չունենք խաղերին նախապատրաստվելու, թեև այս պահին «Փյունիկը» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի առաջին հորիզոնականը, սակայն տղաները պայքարում են իրենց նյարդերի հաշվին։ Իմաստ չեմ տեսնում այսպես շարունակել»,- ասել է Սողոմոնյանը։
Նա նշել է, որ վերջին տարիներին ակումբի նկատմամբ բացահայտ հետապնդումներ են եղել այն պատճառով, որ ակումբի ղեկավարությունն սկսել է բարձրաձայնել նաև իր կարծիքը։
Սողոմոնյանը նաև հիշեցրել է, որ անցյալ տարի ակումբը զրկվել էր ՀՖՖ ակադեմիայի դաշտերում մարզումներ անցկացնելու հնարավորությունից, չնայած այն հանգամանքին, որ «Փյունիկը» ՀՖՖ-ում ունի նույն իրավունքները, ինչ մյուս ակումբները, ակումբը զրկված է եղել նաև «Հանրապետական» մարզադաշտում մարզվելու հնարավորությունից:
«ՀՖՖ-ն դուրս է մղում ակումբին և հատկապես ինձ՝ որպես նրանց մեթոդներին չհամաձայնող մարդ։ Բայց ամենացավալին այն է, որ հասկանալով, որ ես սրան չեմ ենթարկվի, սկսեցին հարվածել մեր երկրպագուներին՝ զրկելով նրանց մեր հանդիպումները դիտելու հնարավորությունից, մեր խաղացողներին, չհրավիրելով նրանց հավաքականներ»,- ասել է Սողոմոնյանը։
Ակումբի նախագահը խոսել է նաև սեպտեմբերի 8-ին՝ Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպման օրը, Աբովյանի և Արմավիրի պահեստային մարզադաշտն օգտագործելու վերաբերյալ պայմանագիրի մասին, որը ևս ՀՖՖ-ն խզել է։ Արդյունքում՝ ակումբը, ըստ Սողոմոնյանի, զրկվել է բոլոր դաշտերից, և եթե չլիներ Գյումրիի «Շիրակի» օգնությունը, որն իր մարզադաշտը տրամադրել է «Փյունիկին», ապա նա այլևս չէր մասնակցի Հայաստանի առաջնությանը։
«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբն է։ Նա իր պատմության ընթացքում 15 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 4 անգամ նվաճել է արծաթե, երկու անգամ՝ բրոնզե մեդալներ։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին, այս պաշտոնին հավակնում են երկու թեկնածուներ՝ ֆեդերացիայի ներկայիս ղեկավար Արմեն Մելիքբեկյանն ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիզը։
Մանրամասները՝ տեսանյութում։