«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը հերքեց ակումբի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունը։
«Սկումբը վաճառելու փորձեր չեն եղել։ Ես կարող եմ կռահել, թե ինչու են այս լուրերը տարածվում։ Ըստ երևույթին, այս մարդիկ ուզում են, որ մենք վաճառենք ակումբը և գնանք»,- ասուլիսում ասաց նա՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։ Ասուլիսի ուղիղ հեռարձակումը հասանելի է Armenia Today YouTube ալիքով։
Սողոմոնյանը նաև մեկնաբանեց ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումները, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ ակումբի կոնֆլիկտի պատճառներից մեկը ռուսամետ դիրքորոշումն է։
«Ես ապաքաղաքական մարդ եմ և երբեք չեմ գնա քաղաքականության։ Ֆուտբոլը նույնպես կապ չունի քաղաքականության հետ։ Ով ղեկավարում է պետությունը, պետք է շահագրգռված լինի երկրի զարգացմամբ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հենց ռուս գործարարներն են ներդրումներ անում հայկական ֆուտբոլում առաջատար դիրքեր գրավող «Փյունիկ», «Ուրարտու» և «Արարատ Արմենիա» ակումբների զարգացման համար, և առանց նրանց հայկական ֆուտբոլը շատ ավելի թույլ կլիներ, ընդգծեց Սողոմոնյանը։
Նա նշեց, որ միշտ հանդես է եկել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման օգտին, սակայն Հայաստան է եկել բացառապես հայկական ֆուտբոլով զբաղվելու համար։
«Ինձ հրավիրել են և՛ Լատվիա, և՛ Վրաստան, որտեղ, ի տարբերություն Հայաստանի, ֆուտբոլը զարգանալու հնարավորություն ունի։ Երբ եկա հայկական ֆուտբոլ, գիտեի, որ ենթակառուցվածքների հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Բայց ես ամենևին չէի սպասում, որ այնպիսի խնդրի առաջ կկանգնեմ, որ մարդիկ, ովքեր պետք է ծառայեն ֆուտբոլին և զարգացնեն այն, ամեն կերպ կխանգարեն դրան»,- ասաց «Փյունիկ» ՖԱ նախագահը։
Խնդիրները, ըստ նրա, սկսվել են բառացիորեն Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու առաջին օրվանից։
Սողոմոնյանը մամուլի ասուլիսում հայտարարեց նաև, որ եթե Արմեն Մելիքբեկյանը վերընտրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում, «Փյունիկը» կհրաժարվի ազգային առաջնությանը մասնակցելուց։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները ՀՖՖ-«Փյունիկ» կոնֆլիկտի պատճառներից մեկում նշել էին Սողոմոնյանի ռուսամետ դիրքորոշումը։ «Ռուսաստանում բիզնես ունեցող Սողոմոնյանը բազմիցս քննադատել է ՀՖՖ-ին և Հայաստանի պաշտոնյաներին և հայտարարել իր ռուսամետ դիրքորոշման մասին։ Սակայն վարչապետին, (Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշիյանին – խմբ.) Մելիքբեկյանին քննադատելը վտանգավոր էր։ Իրադարձությունների այս ամբողջ շղթայում չի կարելի բացառել, որ Սողոմոնյանը վճարել է իր ռուսամետ դիրքորոշման համար»,- գրել է «Paragraph Media»-ն.
ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին, այս պաշտոնին հավակնում են երկու թեկնածուներ՝ ֆեդերացիայի ներկայիս ղեկավար Արմեն Մելիքբեկյանն ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիզը։
Մանրամասները՝ տեսանյութում։