Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը ՀՖՖ նախագահի ընտրություններում իր աջակցությունն է հայտնել հոլանդական «Այաքս»-ի, Մոսկվայի «Սպարտակ»-ի ու ազգային թիմի նախկին խաղացող Արազ Օզբիլիզին: Ֆեյսբուքյան իր տեսանյութում նա հայտնել է, որ շախմատից հետո ամենաշատը ֆուտբոլ սպորտաձևն է սիրում, հետևում հայկական թիմերի խաղին:
«Տեղյակ եմ, որ շուտով լինելու են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Իմ կարծիքով՝ մենք հնարավորություն ունենք ընտրել մի մարդու, որը երկար տարիներ խաղացել է հավաքականում, նաև շատ ուժեղ թիմերում և իրեն դրսևորել է որպես մեր մեծագույն սպորտսմեններից և պրոֆեսիոնալներից»,- ասել է շախմատիստը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Օզբիլիզը հայտարարել էր կարիերան ավարտելու և ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին: Դեկտեմբերի 23-ին նախատեսված ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և հայտնի ֆուտբոլիստ, հոլանդական «Այաքս»-ի, Մոսկվայի «Սպարտակ»-ի ու ազգային թիմի նախկին խաղացող Արազ Օզբիլիզը, ում թեկնածությունն առաջարկել է գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն: