Սա ընդամենը խոշորների պայքար է, որոնք չեն ուզում հավասարություն, ուզում են գերիշխող դիրք գրավել ֆեդերացիայում, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջատար ֆուտբոլային ակումբների՝ իր դեմ դուրս գալը։
«Դա շատ հետաքրքիր և լուրջ տենդենց է, որը կա ամբողջ աշխարհում։ Սա ընդամենը խոշորների պայքար է, որոնք չեն ուզում հավասարություն, ուզում են գերիշխող դիրք։ Եղել են ժամանակներ, երբ մեկ ակումբի ղեկավարը ղեկավարել է նաև ֆեդերացիան։ Հիմա, փաստորեն, նույնն են ուզում անել»,- նշել է նա։
Անդրադառնալով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի հայտարարությանը՝ Մելիքբեկյանն այն անվանել է դիլետանտիզմ։
«Ինչ վերաբերվում է Արթուր Սողոմոնյանին, այնքան էլ շատ չեմ ցանկանում տարածվել, որովհետև այնտեղ կա շատ մեծ դիլետանտիզմի մակարդակ»,- ասել է նա։
Մելիքբեկյանը հավելել է նաև, որ չի պատրաստվում քննարկել Սողոմոնյանի այն հայտարարությունը, թե «Փյունիկ» ակումբը կհրաժարվի Հայաստանի առաջնությանը մասնակցությունից, եթե ինքը վերընտրվի։ «Կախված նրա (Սողոմոնյանի) որոշումներից՝ մենք (ՀՖՖ-ն) կհայտարարենք հետագա քայլերի մասին»,- ասել է Մելիքբեկյանը։
Գործող նախագահի խոսքով՝ ինքն իր ծրագիրը ձևավորում է՝ ելնելով ՀՖՖ ռազմավարությունից, որի մասին հայտարարել է նաև 4 տարի առաջ։
«Եթե մենք նայում ենք մեր ռազմավարությանը, որը մինչև 2025 թվականի ավարտն է (2019-2025 թվականներ), ապա կարող եմ ասել, որ կա՛ն կետեր, որոնք արդեն կատարվել են, կա՛ն կետեր, որտեղ մենք գրաֆիկից հետ ենք, և կա՛ն կետեր, որոնք կատարվել են 60-70 տոկոսով։ Այսօր ռազմավարությունում կան կետեր, որոնք նախանշվել են 2019-ին և արդեն կատարվել են 2023-ին, կան նաև թերի կատարված կետեր»,- պարզաբանել է նա։
Մելիքբեկյանը ներկայացրել է ՀՖՖ աշխատանքի առաջնահերթ ուղղությունները, որոնց թվում են ենթակառուցվածքների, տարածաշրջանային ֆուտբոլի և մասսայական սպորտի զարգացումը: Այսպիսով՝ ըստ նրա, կազմակերպված դպրոցների առաջնություններին այս տարի մասնակցել է արդեն 8000 երախա, որոնց թիվը պատրաստվում են ավելացնել։
ՀՖՖ գործող նախագահը նշել է նաև, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի աշխարհագրությունը մեծացել է և արդեն ընդգրկվել են թիմեր Սևանից և Կապանից։
Անդրադառնալով իր վերընտրվելու պարագայում որոշ ֆուտբոլային ակումբների ՀՀ առաջնությունների մասնակցություններին հրաժարումից՝ Մելիքբեկյանն ասել է, որ ՀՖՖ-ն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի կարգավորի այդ ֆուտբոլային ակումբների երեխաների խնդիրները։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մելիքբեկյանի դեմ հանդես են եկել հայկական երկու առաջատար ակումբներ, չորս ակումբների ֆանատական շարժումներ («Ուրարտու», «Փյունիկ», «Արարատ Արմենիա» և «Շիրակ»):
ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին․ պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: