Ամեն ինչ նախապես որոշված էր, ընտրությունները վերածվել են աթոռակռվի, հայտարարել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը անդրադառնալով ՀՖՖ նախագահի ընտրությունների արդյունքում գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն։
«Մենք ուրախ ենք` վերջնական արդյունքում հույս ձեռք բերեցինք` ի դեմս Արաս Օզբիլիսի, որին աջակցել է ոչ միայն ֆուտբոլային հանրության մեծ մասը, այլև ամբողջ աշխարհում հայտնի հայ մարզիկները, ինչպիսիք են` Հենրիխ Մխիթարյանը, Կարեն Խաչանովը և Լևոն Արոնյանը, մարդիկ, ովքեր առաջին ձեռքից գիտեն, թե որքան կարևոր է երկրի համար պրոֆեսիոնալ մոտեցումը, ինչպես նաև ուժեղ ու պատասխանատու ֆեդերացիա ունենալը: Ցավոք, ամեն ինչ նախապես որոշված էր։ Ընտրությունները վերածվել են աթոռակռվի: Քվեարկության արդյունքները մեզ համար անակնկալ չեն։ Աշխատանքի արդյունքները, ինչպես նաև հանրության կարծիքը, հերթական անգամ անամոթաբար անտեսվեցին»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։
Ակումբի հավաստմամբ՝ ամեն ինչ անելու են խաղադաշտում և դրա սահմաններից դուրս` հայկական ֆուտբոլը արժանի մակարդակին վերադարձնելու համար:
Դեկտեմբերի 22-ին ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը իր դեմ դուրս եկած հայկական ֆուտբոլային ակումբներին մեղադրել էր գերիշխող դիրք գրավելու փորձի մեջ։