2023 թվականին տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, եվրոպական, ԱՊՀ, Ֆրանկոֆոնյան խաղերում ՀՀ հավաքականների մարզիկները նվաճել են 445 մեդալ (որից 25-ը կանայք), այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե և 193 բրոնզե, հայտնում է ՀՀ կառավարությունը։
««Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով 2023 թվականին սպորտային նպաստ է ստացել 94 մարզիկ, 72 անձնական մարզիչ, 32 գլխավոր և ավագ մարզիչ, 13 բժիշկ և մերսող: ՀՀ կառավարության տարբեր ծրագրերով 2023թ. 64 մարզիկ և մարզիչ ստանում են մինչև 500.000 դրամ, 24 մարզիկ և մարզիչ՝ 500.000-1 մլն դրամ, 2 մարզիկ՝ 1 մլն-ից ավելի ամսական նպաստ և անվանական թոշակ: 70 մարզիկ ստացել է տարեվերջյան մինչև 500.000 դրամ միանվագ պարգևատրում, 45 մարզիկ՝ մինչև 1 մլն դրամ, 91 մարզիկ՝ 1 մլն դրամից ավելի: Տարվա արդյունքներով ձեքբերումների և նվաճումների համար 1 մարզիկ ստացել է ընդհանուր 18 մլն դրամ: 2023 թ. 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 5 մլն դրամով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության փոխանցմամաբ՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում անցկացվել են 5 խոշոր մրցաշարեր։
«Ապրիլի 15-23-ը ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 40 երկրի 600 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե): Ապրիլի 23-ից մինչև մայիսի 4-ը Երևանում տեղի է ունեցել բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 39 երկրի 350 մասնակիցներ (երիտասարդների Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե): Նոյեմբերի 10-12-ն անցկացվել է սամբոյի մեծահասակների Աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 71 երկրի 700 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 5 արծաթ, 5 բրոնզ): Նոյեմբերի 12-ին՝ սպորտային պարերի աշխարհի երիտասարդների լատինամերիկյան առաջնությունը, որին մասնակցել են 33 երկրի 120 մասնակցել: Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ն անցկացվել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 52 երկրի 450 բռնցքամարտիկներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե)»,- նշված է հաղորդագրության մեջ: