Սլովենիայի Ռուսե քաղաքում կայացած ISSF Grand Prix միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող հրաձիգները թիմային պայքարում մեդալներ են նվաճել, տեղեկացնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան թիմային զույգը 10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում 579 միավորով անցել է եզրափակիչ փուլ, ապա եզրափակչում, մրցելով Չեխիայի թիմի հետ, 17:15 հաշվով դարձել է մրցաշարի հաղթող։
Այս մրցաձևում բրոնզե մեդալի համար պայքարել ու հաղթել է մեր 2-րդ՝ Նարե Գաբրիելյան-Գևորգ Մելքոնյան թիմային զույգը։ Նրանք 574 միավոր արդյունքով 3-րդ հորիզոնականով դուրս են եկել եզրափակիչ, որտեղ 16:14 հաշվով հաղթել են Հունգարիայի թիմին և գրավել պատվո հարթակի 3-րդ աստիճանը։
Մրցումային վերջին օրը մրցահարթակ է դուրս եկել Հրաչ Բաբայանը։ Տասը մետր օդամղիչ հրացան տղամարդկանց պայքարում 622,7 միավոր արդյունքով Բաբայանը գրավել է 38-րդ հորիզոնականը։
Հունվարի 14-ին հայտնել էինք, որ մրցաշարում Էլմիրա Կարապետյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը։ Հունվարի 13-ին Նարե Գաբրիելյանը դարձել էր մրցաշարի հաղթող։