«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, հաղորդվում է կազմակերպության կայքում։
Մրցանակը շնորհվել է 2022 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ի խաղային ժամանակահատվածի համար։ Պայքարի մեջ էին նաև 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը, ով խաղում է անգլիական «Մանչեսթեր Սիթիում» և 25-ամյա ֆրանսիացի Կիլիան Մբապեն (Պարի Սեն Ժերմեն):
Քվեարկությանը մասնակցել են ազգային հավաքականների մարզիչներ և ղեկավարներ, ինչպես նաև փորձագետ լրագրողներ ու երկրպագուներ տարբեր երկրներից։ Մեսսին ու Հոլանդը վաստակել են 48-ական միավոր, սակայն արգենտինացուն ավելի շատ առաջին տեղեր են հատկացրել։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոնդոնում։ Ինքը՝ 36-ամյա մարզիկը, ներկա չի եղել։ Նրան փոխանցելու նպատակով մրցանակը վերցրել է ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին։
ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը սահմանել է 2016 թվականից։ Մեսսիի համար 2023-ի հաղթանակը երրորդն էր՝ նա հաղթել էր նաև 2019 և 2022 թվականներին։ Նրանից բացի մրցանակը երկու անգամ ստացել են պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (2016 և 2017 թվականներին) և լեհ Ռոբերտ Լևանդովսկին (2020 և 2021 թվականներին), մեկ անգամ էլ խորվաթ Լուկա Մոդրիչը (2018 թվական):