«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը պայմանագիր է կնքել «Սոչի» ֆուտբոլային ակումբի հետ, հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
Հովհաննես Հարությունյանը ծնվել է 1999 թվականի մայիսի 25-ին՝ Երևանում։ Նա «Փյունիկի» սան է։ 2016 թվականի օգոստոսի 13-ին իր նորամուտն է նշել ակումբի հիմնական կազմում՝ Հայաստանի առաջնությունում, իսկ մեկ տարի անց «Արարատի» հետ խաղում խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակում՝ միանգամից դուբլ գրանցելով։
Մրցաշրջան 2017/18-ում Հարությունյանը հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» կազմում, որից հետո տեղափոխվել է Սլովակիա, պայմանագիր կնքել «Զեմպլին Միխալովցե» ակումբի հետ։ Մեկ տարի անց նա կրկին վերադարձել է Հայաստան՝ դառնալով «Արարատ-Արմենիայի» խաղացող, որի հետ առաջին անգամ դարձել է երկրի չեմպիոն։
2021 թվականի փետրվարին Հովհաննեսը պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ, թիմի կազմում նվաճել իր երկրորդ չեմպիոնությունը Հայաստանում և իր նորամուտը նշել Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլում։
Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը «Փյունիկի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 143 հանդիպում, որոնցում դարձել է 24 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
2022 թվականի մարտի 24-ին Հարությունյանը նորամուտը նշել է Հայաստանի հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով Չեռնոգորիայի դեմ խաղում։ Այս պահին նա արդեն 9 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում։