Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը, այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:
«Արսեն Ջուլֆալակյանն արդեն 4 տարի է, ինչ Հայաստանի դրոշի ներքո հանդես չէր գալիս: Նա որոշում է կայացրել սպորտային քաղաքացիությունը փոխել և հանդես է գալիս Արգենտինայի դրոշի ներքո»,- ասել է նա:
Նշվում է, որ Արգենտինայի դրոշի ներքո ըմբիշն օրեր առաջ մասնակցել է Ֆրանսիայում կայացած Գրան Պրիին և դարձել արծաթե մեդալակիր:
Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի` Պեկին-2008, Լոնդոն-2012, Ռիո-2016: