Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը կարող է մի քանի մրցաշրջան ևս մնալ ակումբում, հայտնում է Championat.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը մոտ ժամանակներս 32-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի երկարաձգել պայմանագիրը:
Կարվախալը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը մադրիդցիների հետ նվաճել է 22 գավաթ, այդ թվում՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 5 գավաթ:
Ընթացիկ մրցաշրջանում Կարվախալն ակումբի կազմում 23 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 4 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջ: Ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի՝ ֆուտբոլիստի տրանսֆերի մոտավոր արժեքը կազմում է 12 մլն եվրո: