Եվրոպայի առաջնությունում ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը հաղթել է մինչև 23 տարեկանների աշխարհի գործող չեմպիոն մոլդովացի Ալեքսանդրին Գուտային և դուրս եկել 2024 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Ամոյանը հաղթել է 2:1 հաշվով և վաղը ոսկե մեդալի համար կգոտեմարտի Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Բաշարի հետ:
Քառորդ եզրափակչում Հայաստանը ներկայացնող 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պարտություն է կրել մոլդովացի Արտեմ Դելեանուց: Բուլղարիան ներկայացնող 63 կգ քաշային Էդմոնդ Նազարյանը պարտվել է ուկրաինացի Ալեքսանդր Խրուշինին: Հայ մարզիկները կպայքարեն բրոնզե մեդալի համար:
Փետրվարի 12-ին հայտնել էինք, որ Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները հաղթանակներ են գրանցել։ Հայաստանը ներկայացնող ըմբիշ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը 13:5 հաշվով հաղթել էր Թուրքիայի գործող չեմպիոն Ադեմ Ուզունին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Ամոյանը որակավորման փուլում հաղթել էր իտալացի մրցակցին։ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը ևս հաղթանակներ էր գրանցել՝ վաստակելով քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունք։ Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև փետրվարի 18-ը։