ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ֆրանսիական գրանդի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կլքի ակումբը, հայտնում է Сhampionat.com-ը՝ հղում անելով լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հայտարարությանը՝ X սոցիալական ցանցում (նախկին Twitter)։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին 25-ամյա հարձակվողի՝ ակումբից հեռանալու պայմանները դեռ լիովին համաձայնեցված չեն, քանի որ Մբապեն չի կատարել ակումբի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները:
Վերջին ամիսներին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ռեալ»։ 2023-ի դեկտեմբերին ԶԼՄ-ները գրել էին, որ ՊՍԺ-ն և «Ռեալը» Մբապեի տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 290 հանդիպման, որոնցում դարձել է 243 գոլի և 105 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո: