Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը հայտարարել է, որ Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում 3-րդ ոսկին նվաճելն Օլիմպիական խաղերին ավելի լավ ներկայանալու հնարավորություն է։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում՝ հայ ըմբիշներին դիմավորելու արարաղության ժամանակ, լրագրողներին հայտնել է Ամոյանը։
«Եվրոպայի առաջնության երրորդ ոսկին նվաճելը շատ բարդ ստացվեց։ Մի լավ խոսք կա՝ առաջինին հասնելը դժվար է, բայց այն պահելն ավելի դժվար է։ Դրա համար ինչ-որ չափով բարդ էր՝ համեմատած Եվրոպայի նախորդ առաջնությունների հետ։ Փառք Աստծո, մարզիչների շնորհիվ կարողացա լավ գոտեմարտել և հաղթել»,- ասել է չեմպիոնը։
Խոսելով Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Բասարի նկատմամբ տոնած տպավորիչ հաղթանակի մասին՝ նա նշել է, որ միևնույն է, թե ինչ ազգի ներկայացուցչի հետ է գոտեմարտում։
«Բոլորի հետ գոտեմարտելուց առաջ տրամադրվածությունս մեկն է՝ դուրս գալ մրցագորգ ու միայն հաղթել»,- ասել է Ամոյանը։
Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ չեմպիոնը մարտական է տրամադրված։
«Օլիմպիական խաղերում մեր քաշային կարգում 16 ըմբիշ է ընդգրված։ Ամեն ինչ կանեմ, որ այնտեղից էլ ոսկե մեդալով վերադառնամ։ Եվրոպայի առաջնության ոսկին ավելի լավ առաջ շարժվելու հնարավորություն է»,- եզրափակել է մարզիկը։
Փետրվարի 13-ին Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակչում Ամոյանը մրցել էր Յունուս Բասարի հետ։ Նա թուրք մրցակցին հաղթել էր 7։0 հաշվով՝ 3-րդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։
Մանրամասները՝ տեսանյութում: