Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում հաղթել է լեհ մարզիկին, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ ԵԱ-ի 1/8 եզրափակչում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը 7:3 հաշվով հաղթել է լեհ մարզիկ Քշիշտոֆ Բենկովսկուն։
Քառորդ եզրափակչում Թևանյանի մրցակիցը կլինի ռուս ըմբիշ Հաջիմուրադ Ռաշիդովը:
Այս քաշային կարգում հանդես է գալիս նաև ուկրաինահայ Էրիկ Առուշանյանը: Վազգենն ու Էրիկը կարող են հանդիպել։
Փետրվարի 14-ին Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում Եվրոպայի յոթակի չեմպիոն էր դարձել։ Առաջնության եզրափակչում «Սպիտակ արջը» 6:3 հաշվով առավելության էր հասել ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևի նկատմամբ։ Փետրվարի 13-ին Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Մլխաս Ամոյանը մրցել էր Յունուս Բասարի հետ։ Նա թուրք մրցակցին հաղթել էր 7։0 հաշվով՝ 3-րդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։