Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ) 8։5 հաշվով կամային հաղթանակ է տարել հունգարացի մարզիկ Իսմայիլ Մուսուկաևի նկատմամբ և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Անդրեասյանը, պարտվելով 5:3 հաշվով, մենամարտի ավարտից 5 վայրկյան առաջ 4 միավորի փայլուն նետումով հաղթանակը խլել է աշխարհի գործող չեմպիոն Մուսուկաևի ձեռքից՝ հնարավորություն ստանալով շարունակել պայքարը։
Եզրափակչում Արմանի մրցակիցը կլինի վրացի Ակակի Կեմերթելիձեն:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակակիչ է դուրս եկել նաև Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը՝ 10։0 հաշվով հաղթելով ադրբեջանցի ըմբիշ Իսլամ Բազարխանովին:
Փետրվարի 14-ին Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում Եվրոպայի յոթակի չեմպիոն էր դարձել։ Առաջնության եզրափակչում «Սպիտակ արջը» 6:3 հաշվով առավելության էր հասել ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևի նկատմամբ։
Փետրվարի 13-ին Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ՝ Մալխաս Ամոյանը, մրցել էր Յունուս Բասարի հետ։ Նա թուրք մրցակցին հաղթել էր 7։0 հաշվով՝ 3-րդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։