Արման Անդրեասյանը հռչակվել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Անդրեասյանը եզրափակչում 7։3 հաշվով հաղթել է վրացի ըմբիշ Ակակի Կեմերթելիձեին։
«Մենամարտի ավարտից 10 վայրկյան առաջ, պարտվելով 3:3 հաշվով, Արմանը փայլուն նետման շնորհիվ կարողացել է 4 միավորով հաղթել վրացի ըմբիշին և նվաճել չեմպիոնի տիտղոսը»,- ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։
Հայաստանը ներկայացնող մեկ այլ մարզիկ՝ Արսեն Հարությունյանը, 10։0 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Մուհամեդ Քարավուսին և դարձել առաջնության ոսկե մեդալակիր:
Փետրվարի 14-ին Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում Եվրոպայի յոթակի չեմպիոն էր դարձել։ Փետրվարի 13-ին Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ՝ Մալխաս Ամոյանը, մրցել էր Յունուս Բասարի հետ։ Նա թուրք մրցակցին հաղթել էր 7։0 հաշվով՝ 3-րդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։