Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լա Լիգայի «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում արձագանքել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխության մասին հարցին, հայտնում է championat.com-ը։
«Մենք այստեղ ենք, որպեսզի խոսենք առաջիկա խաղի մասին: Ես կցանկանայի ավարտել մրցաշրջանը և տիտղոսներ նվաճել, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք: Կցանկանայի մարզել Մբապեին, բայց մինչև նոր մրցաշրջանը դեռ շատ հեռու է»,- ասել է Անչելոտին։
Փետրվարի 16-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Մբապեն հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով ակումբը լքելու մասին։
Վերջին ամիսներին մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ռեալ»։ 2023-ի դեկտեմբերին ԶԼՄ-ները գրել էին, որ ՊՍԺ-ն և «Ռեալը» Մբապեի տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 290 հանդիպման, որոնցում դարձել է 243 գոլի և 105 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո: