Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից ոսկե մեդալով վերադարձած Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին պատմել է իր հաղթանակի մասին։
«Յուրաքանչյուր ոսկե մեդալ շատ դժվարությամբ է տրվում։ Միգուցե պայքարի ժամանակ թվում է, թե հեշտ եմ հաղթում մրցակիցներիս, բայց շատ դժվար ճանապարհ եմ անցել։ Պատրաստ եմ այդ դժվար ճանապարհը տասն անգամ ավել անցնել, միայն թե կարողանամ Օլիմպիական ոսկի ունենալ»,- ասել է չեմպիոնը։
Փետրվարի 17-ին Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 10։0 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Մուհամեդ Քարավուսին և դարձել առաջնության ոսկե մեդալակիր։ Հարությունյանը չորրորդ անգամ էր նվաճել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը:
Հարությունյանը Armenia Today-ին նշել է, որ ամենաբարդն ու ամենատպավորիչը թուրք և ադրբեջանցի մրցակիցների հետ գոտեմարտներն էին։
«Շատ բարդ էր տրամադրվելը, հոգեբանորեն ծանր էր, բայց հաղթանակը բարդ չի տրվել»,- ընդգծել է Հարությունյանը:
Եվրոպայի քառակի չեմպիոնի խոսքով՝ հավատում էր, որ հաջողության կհասնի, և այդ հավատն իրեն վստահություն է ներշնչել։ Իր հաղթանակին, Հարությունյանի խոսքով, նաև նպաստել են Բուխարեստում՝ տրիբունայից աջակցող հայերը։
«Հայեր շատ կային տրիբունայում, ինչը շատ ոգևորող էր։ Շատ շնորհակալ եմ նրանցից, որ ամբողջ մրցաշարի ժամանակ կողքիս էին և օգնել են յուրաքանչյուր գոտեմարտի ժամանակ»,- Armenia Today-ի հարցին ի պատասխան նշել է չեմպիոնը՝ հավելելով, որ հաղթելու է այնքան, որքան կկարողանա։
Փետրվարի 14-ին Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում Եվրոպայի յոթակի չեմպիոն էր դարձել։ Առաջնության եզրափակչում «Սպիտակ արջը» 6:3 հաշվով առավելության էր հասել ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևի նկատմամբ։
Փետրվարի 13-ին Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ՝ Մալխաս Ամոյանը, մրցել էր Յունուս Բասարի հետ։ Նա թուրք մրցակցին հաղթել էր 7։0 հաշվով՝ 3-րդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։