Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը պատմել է չեմպիոնության ճանապարհի ամենադժվար և տպավորիչ մենամարտի մասին։
«Առաջին անգամ էի Եվրոպայի չեմպիոն դառնում։ Մինչ այդ շատ թերություններ կային, որոնց պատճառով չէի կարողանում չեմպիոն դառնալ»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին պատմել է Անդրեասյանը՝ ընդգծելով, որ թերությունները մարզիչների շնորհիվ շտկել ու վերջապես նվաճել է բաղձալի տիտղոսը։
Նա նշել է, որ չեմպիոնության ճանապարհը դժվար է եղել, և հաջողությունը պայմանավորված է նրանով, որ մարզչական թիմի հետ վերլուծել է նախկին բոլոր սխալները և փորձել դրանք հաշվի առնել այս մրցաշարում:
«Շատ ուրախ եմ հաղթանակի համար։ Որքան աշխատել եմ, այնքան ստացել եմ։ Մինչև վերջին վայրկյանը վստահ էի, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվելու է»,- նշել է Եվրոպայի նորընծա չեմպիոնը։
Անդրեասյանն Armenia Today-ին հայտնել է չեմպիոնության ճանապարհի ամենադժվար և տպավորիչ մենամարտի մասին։ Նրա խոսքով՝ դա Հունգարիան ներկայացնող, աշխարհի գործող չեմպիոն Իսմայիլ Մուսուկաևի հետ մենամարտն էր։ Անդրեասյանին հաջողվել էր կիսաեզրափակչում Մուսուկաևին հաղթել 8:5 հաշվով և դուրս գալ եզրափակիչ։
Փետրվարի 17-ին Արմանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել՝ եզրափակչում 7։3 հաշվով հաղթելով վրացի ըմբիշ Ակակի Կեմերթելիձեին։ Արման Անդրեասյանը 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած Տարոն Անդրեասյանի եղբայրն է․ իր հաղթանակը նվիրել էր եղբորն ու բոլոր զինվորներին։ Փետրվարի 17-ին Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 10։0 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Մուհամեդ Քարավուսին՝ 4-րդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը:
Փետրվարի 14-ին Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում Եվրոպայի յոթակի չեմպիոն էր դարձել։ Առաջնության եզրափակչում «Սպիտակ արջը» 6:3 հաշվով առավելության էր հասել ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևի նկատմամբ։ Փետրվարի 13-ին Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ՝ Մալխաս Ամոյանը, մրցել էր Յունուս Բասարի հետ։ Նա թուրք մրցակցին հաղթել էր 7։0 հաշվով՝ 3-րդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։