Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նա հենացատկի վարժության եզրափակչում վաստակել է 15.100 միավոր։
ՓԵտրվարի 24-ին Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել էր օղակների վարժության բրոնզե մեդալակիր։ Դավթյանը 14,600 միավոր էր հավաքել և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Արթուր Ավետիսյանը 14․566 միավորով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը, Գագիկ Խաչիկյանը 14․833 միավորով 6-րդ տեղն էր գրավել։
Փետրվարի 18-ին Դավթյանը Կահիրեում տեղի ունեցած Աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ էր նվաճել։ Մրցաշարի հաջորդ փուլը կլինի Բաքվում, հայ մարմնամարզիկները բաց կթողնեն այն և ելույթ կունենան Դոհայում ապրիլի 17-ին կայանալիք վերջին փուլին։