Հայ բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ քաշային կարգ) հաղթանակով է մեկնարկել Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ հայ մարզիկը մրցել է Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիի հետ։ Գարբոյանը բոլոր ռաունդներում ունեցել է մեծ առավելություն, անընդհատ ճնշել է մրցակցին ու վստահ հաղթանակ տոնել 5։0 հաշվով։
Հաջորդ մենամարտը Գարբոյանը կանցկացնի մարտի 10-ին, մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչ Նիջատ Հուսեյնովն է։
Այսօր իր առաջին մենամարտը կանցկացնի Դավիթ Չալոյանը։ Նա ուժերը կչափի կանադացի Ալեքսիս Բարիռիի հետ։
Մրցաշարը հաղթանակով էին մեկնարկել նաև հայ բռնցքամարտիկներ Գուրգեն Մադոյանը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը: