Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաքում ընթացող օլիմպիական վարկանշային մրցաշարում մարտի 7-ին հայ մարզիկներ Նարեկ Մանասյանը և Գուրգեն Մադոյանը հաղթել են մրցակիցներին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
92 կգ քաշային, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մանասյանը մրցել է Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դանիել Գուզմանի հետ։
«Առաջին և երկրորդ ռաունդներում Մանասյանը հսկայական առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ և առանց մեծ դժվարության հաղթել է»,- տեղեկացրնում են ֆեդերացիայից։
71 կգ քաշային Մադոյանը իր երկրորդ հաղթանակն է տոնել օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Նա մրցել է բավականին փորձառու իսպանացի Սերխիո Մարտինեսի հետ ու գրագետ մենամարտ անցկացրել։ Դիպուկ հարվածներ հասցնելով մրցակցին՝ նա 4։1 հաշվով վստահ հաղթանակ է տարել։
Մարտի 6-ին նույն մրցաշարում Մադոյանը հաղթել էր մոլդովացի Վասիլի Ցեբոտարին։ Մարտի 5-ին հաղթանակներ էին գրանցել նաև բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը։
Մրցաշարը մեկնարկել է մարտի 3-ին և կանցկացվի մինչև մարտի 11-ը։ Մրցաշարին հայտավորվել է 113 երկրի բռնցքամարտիկ։ Յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և Օլիմպիական ուղեգիր ապահովելու համար անհրաժեշտ է հաղթել առնվազն 4 մենամարտ։